Ազգային ժողով կոչված աղբավայրում վավերացվեց Հռոմի ստատուտը։ Երկար բացատրությունների փոխարեն ընդամենը գրեմ, որ դա տեսականորեն փակում է Հայաստան եկող Պուտինի ճանապարհը և դրանով ՀՀ ոստիկանությանը լիազորում է ձերբակալել ռուսական պետության ղեկավարին հայոց բազմաչարչար հողում։
Հայաստան այցելելու համար Պուտինը բնականաբար ախ չի քաշում ու հալումաշ չի լինելու Պակիստան հիշեցնող Զվարթնոց օդանավակայանի շրջակայքը դիտելու դարդից։
Սակայն անկյուն քշված ռուսական ղեկավարը չի մոռանալու ՀՀ ղեկավար կոչեցեալ պատուհասի վերջին նվերը, հատկապես իր կողմից 2021 թվականին դրան իշխանության պահելու փաստի լույսի ներքո։
Այն որ ՀՀ ՔՊ-կան ազգային ժողովի դեմարշը անպատասխան չի մնալու, դա բոլորը գիտեն։
Իսկ ի՞նչ է ընդունակ անելու Կրեմլի թզուկը։
Պատկերացրեք,որ շատ բան և ամեն ինչ սկսելու է էներգետիկայից։
1.Ատոմակայանի համար վառելիքի լիցքավորման դադար։
2.Ատոմակայանի վերազինման, օգտագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների դադար։
3.Ատոմակայանի թափոնների դեպի ՌԴ տեղափոխման դադար։
4.ՀՀ մատակարարվող գազի հոսքի դադար, կամ մատակարարման ընթացքում նոր շուկայական գնի կիրարկում։
Էներգետիկայից հետո գալու է ռազմատեխնիկական համագործակցությունը, մասնավորապես
ա.կդադարեցվի ռազմամթերքի մատակարարումը,
բ.կդադարեցվի եղած էլեկտրոնային տեխնիկայի շահագործման համագործակցությունը,
գ.Կդադարեցվի հրթիռային տեխնիկայի համատեղ սպասարկումը,
դ.կդադարեցվի վառելիքաքսուքային նյութերի վաճառքը
Դրանից հետո կգա առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման դադարը,մասնավորապես.
1.հացահատիկային մշակաբույսերի մատակարարումը, որն այս պահին գլխավոր խաղաքարտ է դարձել Արեմուտք- ՌԴ հակամարտության մեջ։
2.Կդադարեցվի երկաթյա ամրանների մատակարարումը, ինչը շինարարության հիմքն է։
Ապրանքների, նյութերի բնագավառից հետո անցում կկատարեն դեպի բանկային համակարգ, մասնավորապես կարգելեն դեպի Հայաստան փոխանցումները, որի արդյունքում կփակեն 2.0 մլրդ ԱՄՆ-ի դոլարի չափով ռուսական տրանսֆերները։
Բանկային համակարգից սահուն անցում կկատարեն դեպի անձնագրային ռեժիմի, վիզաներ, աշխատանքի և բնակության կարգավիճակներ և շատ արագ կերպով կպարզվի, որ առնվազն 400-500 հազար հայեր պետք է լքեն ՌԴ-ն և վերադառնան նիկոլական Հայաստան, որտեղ արդեն իսկ կան հարյուր հազար փախստական արցախցի մեր հայրենակիցներ, որոնք ոչինչ չունեն։
Շարքը, հնարավոր վնասների ցուցակը կարելի է անվերջ շարունակել։ Հիմա պատասխանենք մեկ հարցի։
Արդյոք ՀՀ ունի՞ կամ կարո՞ղ է ակնկալել ինչ-որ օգուտներ։
Վստահեցնում եմ` օգուտներ չկան, նույնիսկ տեսական։
Փաստորեն այսօր հիմք դրվեց ՀՀ տնտեսության կազմաքանդմանը, որը անխուսափելի է և պարզապես ջնջելու է մեր փոքրիկ տնտեսությունը։
Տնտեսությունը այն բնագավառն է, որն անվտանգության համար միջոցներ է ձևավորում։
Չի լինի տնտեսությունը, չի լինելու բանակ։
Չի լինելու բանակ, չի լինելու երկիր։
Իսկ այսօրվա հակառուսական ապուշությանը կողմ քվեարկողները շատ արագ կփախչեն երկրից, ձեզ թողնելով կոտրած տաշտակի առջև։
Կոտրած տաշտակի առջև շվարած մեր հայրենակիցներին ունեմ տալու երկու խորհուրդ։
1.Հաջորդ ընտրություններին դոգին ընտրեք վարչապետ։
2.Մինչ այդ գնեք ֆուջիկա վառարան։
Եթե չեք հավատում կամ էլ նիկոլական ֆեյք եք, ապա մոտեցեք առաջին իսկ փոխանակման կետին և ստուգեք դրամի անկումը ժամերի ընթացքում։
Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ